Ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը ֆիզիկական եւ հոգեբանական որեւէ ճնշման չեն ենթարկվել։ Հայաստանում նրանք դատապարտվել են սպանության եւ սահմանն ապօրինի հատելու համար։ Նրանց վերադարձից հետո ադրբեջանական մամուլում հայտնվել են տեսանյութեր, որտեղ նրանց հարազատները հայտարարել էին, թե իբր Հայաստանում Ախունդովին եւ Բաբիրովին բռնության եւ հոգեբանական ճնշման են ենթարկել։
Նրանք ՀՀ սահմանը հատել էին Նախիջեւանի կողմից եւ Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ադրբեջանցի կալանավորները պահվել են խցային պայմաններում, կենցաղային խնդիրներ չեն ունեցել, խցերն ապահովված են եղել գույքով եւ մշտական խմելու ջրով։ Կալանավորված անձանց տրամադրվել են սնունդ, հագուստ, կենցաղային եւ անկողնային պարագաներ, դեղորայք։ Մեկ կալանավորված անձի սննդի օրական ծախսը եղել է 1550 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանցի կալանավորվածներին այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, բացի այդ՝ ապրիլից մինչեւ նոյեմբեր 8 այց են ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրանց պարբերաբար այցելել են հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների խմբի աշխատակիցները, նաեւ բժիշկը։ Ախունդովն ու Բաբիրովն օգտվել են ամենօրյա զբոսանքից, գրադարանից։ ԿԽՄԿ-ն տրամադրել է ադրբեջաներեն գրականություն, կալանավորվածների համար ապահովվել են նաեւ թարգմանչի ծառայություններ՝ ադրբեջաներենից հայերեն եւ հայերենից ադրբեջաներեն։