Ռուս քաղաքական փորձագետ Բորիս Ռոժինը դեկտեմբերի 27-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։
Ռոժինը նշել է, որ կտրուկ փոփոխություններ չի սպասում, քանի որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը հստակ ցույց տվեցին եվրասիական կառույցների նկատմամբ Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը։ «Այսինքն՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի եւ այլ թշնամական երկրների կառույցների հետ աշխատանքն ուղղված էր առաջին հերթին Ռուսաստանի, այդ թվում՝ Անդրկովկասի շահերի դեմ»,- շեշտել է Ռոժինը:
Ռուս փորձագետի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետը շեշտը դրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների տնտեսական ասպեկտների վրա։ «Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը փորձում է որոշակի տնտեսական նախապատվություններ կորզել Հայաստանի համար, քանի որ Հայաստանը տնտեսապես բավականին կախված է Ռուսաստանից»,- հավելել է փորձագետը։