Արեւմուտքի համար միեւնույնն է հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Դեկտեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ նախորդ տարին աշխարհի շատ երկրների եւ ժողովուրդների համար հեշտ չէր, եւ այն բարդ էր նաեւ Հայաստանի համար։
Ռուս դիվանագետը հայտարարել է, որ արտաքին ուժերը Երեւանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ քաշելու փորձեր են անում: Ըստ Զախարովայի՝ Արեւմուտքի համար հայ ժողովրդի եւ Հայաստանի բնակչության ճակատագիրը բացարձակ միեւնույնն է։ «Նրանք հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում են բացառապես իրենց հետաքրքրությունների համար»,- նշել է նա:
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը` հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայի համար իսկապես կարեւորագույն նշանակություն ունի՝ մի շարք պատճառներով։
Մարիա Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար՝ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչի համոզմամբ՝ նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:
«Ընդհանուր առմամբ հետաքրքրված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի նվազմամբ եւ այդ տարածաշրջանի հարստագույն ներուժի բացահայտմամբ», -շեշտել է Զախարովան: