Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Իրանի Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։
«Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ներկա կլինենք հյուպատոսության բացման արարողությանը»,– նշել է Աբդոլլահիանը։
Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում խաղաղության հարցերի, ինչպես նաեւ այն դերակատարության մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ունենալ որպես երաշխավոր։ Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Աբդոլլահիանը նաեւ ընդգծել է, որ իրենք լիովին աջակցում են «Հյուսիս–հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաեւ ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Իրանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ խորհրդատվական-տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանը լուրջ է տրամադրված տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցում եւ կարեւոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ «2024 թվականի առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում։ Մենք լավատես ենք այդ հարցում»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։
«Այս առումով մենք կարեւորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսեւորվել է Իրանի կողմից»,- շեշտել է Միրզոյանը։