ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում անդրադառնալով նաեւ հայ–ռուսական հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները վնասակար է համարում։
«Այսօր մեր զինվորականներն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են»,- շեշտել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995-ի մարտի 16-ին՝ առաջին հերթին հենվելով ազգային շահերի եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ վնասակար է հատկապես նրանով, որ Հայաստանը ներկայում բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք արեւմտյան խաղացողների օգնությամբ կանգնեցնել չի հաջողվի։ Լավրովը շեշտել է, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չեն ձգտում ՀՀ-ին եւ Հարավային Կովկասին խաղաղություն եւ կայունություն բերելու։
Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Երեւանը, տեղի տալով արեւմտամետների համոզումներին, ձգտում է վերաձեւակերպելու իր արտաքին քաղաքական գիծը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային կապը փորձելով փոխել ոչ թե Արեւմուտքի որոշակի աջակցության, այլ սոսկ մշուշոտ խոստումների դիմաց։ Ըստ Լավրովի՝ հանրապետության բոլոր դժբախտությունների՝ ներառյալ Ղարաբաղի կորստի համար ՀՀ գործող իշխանությունները փորձում են մեղադրել Ռուսաստանին՝ նման կերպ փորձելով արդարացնել ռազմավարական շրջադարձը։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան անհանգստացած է նաեւ ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի համագործակցության խորացմամբ, ինչը, ըստ նրա, չի կարող ՌԴ-ին անհանգստություն չպատճառել: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվան բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ–ի իրական նպատակն է տարածաշրջանում ամրապնդել իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր եւ տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար։
«Հուսով եմ՝ Երեւանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել է Լավրովը։