Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը նախօրեին առանձնազրույց էր ունեցել ՀՀ արտգործնախարարի, այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, դեկտեմբերի 28-ին հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական եւ անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր:
Իրանի արտգործնախարարը եւ ՀՀ ԱԽ քարտուղարը կարեւորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը եւ այդ նպատակով պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
«Գոհունակությամբ ընդգծել ենք երկու բարեկամ երկրների միջեւ փոխադարձ հարգանքի եւ երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարեւորությունը»,– ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արմեն Գրիգորյանը: