2024-ից ՀՀ բուժհաստատություններում այլեւս չեն լինի պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու նախնական բաշխումներ։ Դրա մասին դեկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն օրինագիծը ներկայացնելիս նշել է, որ գործող օրենքով յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի նախարարի հրամանով սահմանված տարեկան առավելագույն սահմանաչափեր։ Նա հավելել է, որ կկազմվի ընդհանուր բյուջե եւ կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։
Համապատասխան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու շրջանակում առաջարկվում է բացառել առավելագույն սահմանաչափեր ունենալը եւ, ըստ փաստացի մատուցված ծառայությունների, փոխհատուցել բժշկական կենտրոններին։ Առողջապահության նախարարը շեշտել է, որ բացառություններ կլինեն միայն պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլյոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողնների բուժօգնության միջոցառումները։
Ըստ նախարարի՝ միաժամանակ բուժհաստատություններում կկանոնակարգվեն խնամյալների հերթագրումն ու ուղեգրումը։ Նա նշել է, որ ուղեգրման թղթային տարբերակից հրաժարվելու են եւ ամբողջովին անցնելու են էլեկտրոնային ուղեգրման համակարգի։