Ավելի քան 3 հազար բեռնատար այս պահին կանգնած է Վերին Լարսի անցակետում (ռուս-վրացական սահման) եւ սպասում է անցակետի բացմանը։ Դրա մասին հայտնել են ՌԴ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 24-ից բոլոր տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունը դադարեցվել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Դեկտեմբերի 27-ին երթեւեկությունը բացվեց թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետի մոտ տեղակայվել են ջեռուցման կետեր, որոնք կգործեն մինչեւ իրավիճակի կարգավորումը: Մինչեւ երթեւեկության վերականգնումը վարորդներն այնտեղ կարող են ոչ միայն թեյ եւ սուրճ խմել, այլեւ տաքանալ եւ լիցքավորել հեռախոսները: