Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։ Սա ասում են Ամերիկան, Եվրոպան, իսկ Ռուսաստանը սա ցույց է տալիս այնտեղ մնալով։
Սա գիտեն ե’ւ Հայաստանը, ե’ւ Ադրբեջանը։ Նաեւ այս պատճառով է Ադրբեջանի արտգործնախարարն ասում, որ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով չի լուծում երկու երկրների միջեւ եղած խնդիրները։ Բայրամովի այս հայտարարության մեջ սպառնալիք կա՝ ոչ միայն խաղաղության պայմանագրից պիտի բացառվի Ղարաբաղի հարցը, այլեւ քաղաքական խոսույթից՝ վերջ, չկա այդպիսի հարց։
Հետեւաբար ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղի խնդիրը փակված չէ, հատկապես որ Հայաստանի իշխանություններն այն փակել են իրենց ամբողջ հռետորաբանությունից հանելով Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, իսկ Ադրբեջանի իշխանություններն այն փակել են ի տես եւ ի լուր աշխարհի հայտարարելով, որ վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը, եւ Ղարաբաղի հարց գոյություն չունի։
Բանն այն է, որ տարածաշրջանային քաղաքական դիրքավորումների փխրունության մեջ ամենեւին տրամաբանական չէ, որ այդ հարցը մնա փակ։ Իսկապես, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանն ամենեւին դեմ չեն, որ այդ հարցը փակվի, քանի որ ինքն իրենով անհանգիստ է դարձնում տարածաշրջանը եւ միջազգային այլ խաղացողների է «հրավիրում» այստեղ։
Բայց այդ դեպքում ինչո՞վ են զբաղվելու այլ խաղացողները, ասենք` Ֆրանսիան, Ռուսաստանը կամ Ամերիկան։ Ամերիկան արդեն իսկ Ադրբեջանին պարտադրում է ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների միջեւ Գրանադայում ընդունված փաստաթուղթը, որով Ադրբեջանին պարտադրում են հետ ընդունել հեռացած ղարաբաղցիներին։
Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո պարտադրում են, որ Ադրբեջանը Ղարաբաղից հանի ռուսական զորքը, քանի որ ղարաբաղցիները հաստատ ռուսական զորքի առկայությամբ վերադարձողը չեն, մի անգամ արդեն կրել են նրանց «առաքելության» հետեւանքները։ Ռուսները նույնպես փափագում են ղարաբաղցիների վերադարձը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում պահպանեն իրենց ռազմական ներկայությունը։ Ահա ինչու Ղարաբաղի հարցը փակված չէ։
Եթե չկա այդպիսի հարց, մեծ հաշվով այստեղ այլ խաղացողների ներկայության հարցն է փակվում։ Իսկ խաղադրույքն ավելի մեծ է, քան սոսկ ռուսական կամ ամերիկյան ներկայությունը։ Ադրբեջանը դեռ պետք է սեփական մաշկի վրա զգա, որ առանձնապես մեծ հաղթանակ չի տարել Ղարաբաղում, քանզի տոտալ հայրենազրկումը 21-րդ դարում անհասկանալի հաջողություն է աշխարհի համար։
Կամ Ադրբեջանը դիմադրում է միջազգային խաղացողների պահանջին՝ վերադարձնել ղարաբաղցիներին իրենց բնակավայրերը։ Դրան բացառված չէ, որ Հայաստանն էլ է դեմ այն իմաստով, որ դա ենթադրում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի իրենց բնակավայրեր կամ գոնե անկլավներ։ Այդ դիմադրությունն ունի զուտ ռուսների ու թուրքերի աջակցությունը, որը փխրուն աջակցություն է, քանի որ այստեղ նրանք դառնում են դրության ամբողջական տեր, ինչը ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հաստատ չեն ծափահարի։ Կամ Ադրբեջանը համաձայնում է ռուսական զորքի դուրսբերմանը եւ ղարաբաղցիների վերադարձին միջազգային ավելի շատ երկրների մասնակցությամբ խաղաղապահ ուժերի տեղակայման գնով։
Ահա այս կոմբինացիան է վերակենդանացնում Ղարաբաղի հարցը, որը թվում էր, թե վերջնականապես անցել էր պատմության գիրկը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: