Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության շուրջ պայմանագրի դրույթներին, ինչպես նաեւ Հնդկաստանի՝ Հայաստանին զենքի վաճառքին։
Նա նշել է, որ Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, դրա հետ մեկտեղ իրականացվող նախագծերի հետ։ Ըստ Բայրամովի՝ իբրեւ պաշտոնական դիրքորոշում դա մեզ ուղղված մոտեցում չէ, կոմերցիոն մոտեցում է, ռազմարդյունաբերության զարգացման համար դրված նպատակի պահանջ։
«Կա երկարատեւ օկուպացիայի եւ ռազմական հակամարտության գործոն։ Նման քայլն այն ժամանակ, երբ տարածաշրջանում կա խաղաղության փխրուն եւ պատմական հնարավորություն, վնասում է գործընթացին եւ ավելի է ոգեշնչում հայկական կողմի ռեւանշիստներին»,- հավելել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը բացահայել է նաեւ բանակցությունների որոշ մանրամասներ: Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը, որն առնչվում է սահմանազատմանը, ինչն, ըստ Բայրամովի, տեխնիկական հարց է։ Ընդհանուր սկզբունքներն արտացոլված են խաղաղության համաձայնագրում:
«Հայաստանն ունի նաեւ իր հավակնություններն ու տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց մենք խոսում ենք բնակավայրերի մասին։ Այդ գյուղերի պատկանելությունը վեճի առարկա չէ։ Հասկանալի է, թե ովքեր են այդ գյուղերում ապրել խորհրդային շրջանում»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգը երկկողմ հարց է: Իսկ եթե երրորդ կողմերը չեզոք են եւ օբյեկտիվ, Ադրբեջանը միայն ողջունում է դա։