ՀՀ պետական որեւէ սահմանով մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ դուրս եկող քաղաքացիներն իրենց անձնագրում պարտադիր պետք է ունենան օտարերկրյա պետություններում ՀՀ անձնագրերի վավերականության մասին կլոր կնիքը։
Դրա մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։ «Երկրից դուրս եկող քաղաքացիները պետք է մոտենան անձնագրային ծառայություն, եւ եթե անձնագրում բացակայում է օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը (անձնագրի ելքի կլոր կնիքը), լուծեն այդ հարցը, որպեսզի առանց խնդիրների երկիրը լքելու հնարավորություն ունենան»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ կլոր կնիքը հնարավոր է ստանալ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ցամաքային սահմանին։ Սահմանին այդ ծառայությունը մատուցվում է ավելի բարձր արժեքով (անձնագրային բաժնում կլոր կնիքի արժեքը մեկ տարվա համար 1000 դրամ է, սահմանին` 11 հազար դրամ)։
Մարզերում ծառայությունը մատուցվում է արտահերթ: Երեւանում, չնայած նրան, որ գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, վերջին օրերին ընդառաջում են ավիատոմսեր ունեցող քաղաքացիներին, որպեսզի կլոր կնիքի հարցն առանց խնդիրների լուծվի։
2024-ի հունվարի 1-ից հետո ՀՀ–ից դուրս եկող քաղաքացիներին Դավթյանը խորհուրդ է տվել հետագայում թյուրիմացությունից խուսափելու համար իրենց մոտ ունենալ ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան հրապարակման հղումը. եթե օտար երկրում սահմանապահը տեղյակ չլինի, որ ՀՀ-ն այլեւս չի կիրառում այդ իրավանորմը, քաղաքացին կարող է տարբեր լեզուներով ցույց տալ պաշտոնական աղբյուրը։