ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի եւ ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաեւ պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը: Դրա մասին X սոցցանցում հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Ռոբերտ Քենեդի կրտսերը։
Նա փաստել է, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց, եւ 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:
Քենեդի կրտսերը դժգոհել է, որ մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Գազայի եւ Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ամբողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին: Նա վստահ է, որ այդ էթնիկ զտման դատարկ պարսավանքը բավարար չէ։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը կարելի է փոխել։ ԱՄՆ նախագահի թեկնածուի համոզմամբ՝ ԱՄՆ-ը դեռեւս լծակներ ունի այս տարածաշրջանում եւ կարող է այդ ուժն օգտագործել այնտեղ բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով:
«Մենք նաեւ պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ պետք է մուտք ունենա հարեւան երկրների նավահանգիստներ»,- շեշտել է Ռոբերտ Քենեդի կրտսերը։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Արցախի վերականգնմանը: