Իսրայելը բանակցում է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ Դրա մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն առեւանգվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ իսրայելական The Jerusalem Post պարբերականի՝ Իսրայելն աշխատում է բոլոր պատանդներին վերադարձնելու ուղղությամբ, ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Կատարն ու Եգիպտոսը երկու առանձին առաջարկներ են ներկայացրել խնդիրն առաջ մղելու համար։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ չի կարող մանրամասն խոսել բանակցությունների կարգավիճակի մասին: Նեթանյահուն պատանդների ընտանիքների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ ձգտում են բոլորին տուն վերադարձնելու, եւ դա է երկրի կառավարության նպատակը։