Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» հայ համայնքի դեմ բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների բազմաթիվ հարձակումներից հետո։ Դրա մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության՝ X-ի գրառման մեջ։
«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաեւ ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար»,– հայտարարել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ եւ շարունակելու է ուշադիր հետեւել իրավիճակին։
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։