Մի քանի օր անընդհատ մտածում էի 2023 թվականն ամփոփող հոդված գրելու մասին։ Այն, ինչը մռայլ էր ու դժբախտ անցնող տարվա անցուդարձում, չէի ուզում ներառել հոդվածում։
Դա բոլորը գիտեն, ու բոլորն են ծանրորեն վերապրել ե՛ւ 2022-ի դեկտեմբերին սկսված ու հաջորդ տարի շարունակված շրջափակումը, որը հյուծում էր արցախցիներին, ե՛ւ սեպտեմբերի դեպքերը, որոնցով փաստորեն լուծարվեց Արցախի Հանրապետությունը, ե՛ւ Արցախի նախկին երեք նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարումը։
Լուսավոր մի բան էի փնտրում, որն ապագայի հույս կտար ու կստիպեր առաջ նայել։ Մեկ էլ հանկարծ Ֆեյսբուքում աչքովս ընկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տարածած հաղորդագրությունը։
Ըստ դրա՝ ուրեմն, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ««Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին»։
Նա ողջունել է հյուրերին եւ ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի նշանակալի դերակատարումը:
Ըստ փոխնախարարի՝ [Արարատ-73-ի] «նվաճումը բոլոր ժամանակների ամենավառ հաղթանակներից մեկն է», իսկ ««Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է…», ու նրա «սխրանքը ոչ միայն չենք մոռացել, այլեւ շատ թանկ ենք գնահատում»:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նախատեսում էր կազմակերպել տոնական միջոցառում «Արարատ-73»-ի հաղթանակների հոբելյանի առթիվ: Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերի 19-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների պատճառով տոնակատարությունները հետաձգվեցին»:
Բայց հուսադրող մի բան կա. «միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2024 թվականի առաջին կիսամյակում»։
Ես չգիտեմ երկրորդ մի պետություն (եթե ընթերցողը գիտի, թող ուղղի ինձ), որը տոնական միջոցառումներով նշում է ազգային ֆուտբոլային թիմի 50 տարի առաջ գրանցած հաջողությունն ու չի խոսում, թե ինչ եղավ այդ թիմի հետ հետո։
1975 թվականին եւս մեկ անգամ ԽՍՀՄ գավաթի առաջնությունում հաղթող դառնալուց հետո, 70-ականների վերջին, 80-ականներին Երեւանի «Արարատ»-ը, թող ներվի ասել, ԽՍՀՄ բարձրագույն լիգայի ամենաանգույն թիմերից մեկն էր։
Իսկ ֆուտբոլասերները, որ ամեն օր հավաքվում էին Կոմայգում, Պեպոյի արձանի մոտ ու քննարկում ամենաժողովրդական սպորտաձեւի հարցերը, կարծում էին, որ «Արարատ-73»-ի անկման պատճառն աստղային հիվանդությունն էր։ Նոր բառապաշարով ասած՝ տղերքին «զվյոզդը խփել էր»։
Եվ արդյո՞ք նույն «զվյոզդը» չէր խփել Հայաստանի երկրորդ, երրորդ, Արցախի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահներին, վարչապետ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որոնք «հաղթել ենք ու վերջ» տրամաբանությամբ կործանեցին Արցախն ու հարցականի տակ դրեցին Հայաստանի ապագան։
Դրական, հուսադրող մի բան գրել չստացվեց։ Ներող եղեք։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։