Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը քննարկելը տեղին չէ եւ վնասակար է։ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում սրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին` հիմնվելով երկու պետությունների ազգային շահերի վրա։
Նա շեշտել է, որ ըստ փաստաթղթի 26-րդ հոդվածի` ռուս զինծառայողների գտնվելու ժամկետը 49 տարի է, այդ ժամկետի ավարտից հետո համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է 5 տարով:
Ռուս դիվանագետը նշել է, որ ՌԴ զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայունությունը ամբողջ Հարավային Կովկասում»։
Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն Մոսկվայի եւ Երեւանի միջեւ 1995 թվականին կնքված միջպետական պայմանագրի։ ՌԴ-ն եւ Հայաստանը 2010-ի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը։ Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երեւանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։