Հայաստան էր այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին: Զինվորականի այցի կոնկրետ ժամանակահատվածը չի հստակեցվել:
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը հայտնել էր, որ եկել է աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձեւավորման եւ նախնական մշակման աշխատանքներին:
Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ՝ նախորդ տարվա նոյեմբերին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն էլ այցելել էր ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան եւ հանդիպել հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:
Վերջինս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու ՀՀ զինված ուժերի արհեստավարժ դառնալուն, սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին եւ այլն։