Ամանորին «Հերացի» թիվ 1 եւ «Մուրացան» հիվանդանոցներում արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից եւ ճայթուկներից վնասվածքների դեպքեր:
Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած խնամյալների վնասվածքների մեծ մասի պատճառը պայթուցիկներն են եղել: Պայթուցիկից տուժած 5 քաղաքացիներից 2-ին ձախ դաստակի մատների ամպուտացիայի անհրաժեշտություն է ծագել: Եվս 2 խնամյալներ հիվանդանոց են հասցվել պատռված վերքերով, նրանցից մեկի մատն է վնասվել:
ԵՊԲՀ ռեկտորը նշել է նաեւ, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին դիմել է մեկ քաղաքացի, որը հրավառության պատճառով մարմնական վնասվածքներ է ստացել:
Տոնական օրերին գրանցվել է նաեւ 18 թունավորման դեպք: Դրանցից 5-ը թունավորվել է շմոլ գազից, 5-ը՝ քիմիական նյութերից, իսկ 8-ը՝ ալկոհոլից։ Ընդ որում՝ ալկոհոլից թունավորվածներից մեկը 10 տարեկան է, երկուսը 16 տարեկան, եւ երեքը՝ 15 տարեկան:
Հայաստանի փրկարար ծառայությունն էլ դեկտեմբերի 25-31-ը գրանցել է 228 արտակարգ դեպք: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների շնորհիվ փրկվել է 2 մարդ: