Միացյալ Նահանգների վարչակազմը հունվարի 3-ին հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցած պայթյուններին անմասն է: Նա միաժամանակ նշել է, որ պատճառ չի տեսնում դրանց համար պատասխանատվության ենթարկելու Իսրայելին:
«Դեռ վաղ է ասել, թե դա ինչով կարող էր պայմանավորված լինել, բայց ուզում եմ անդրադառնալ որոշ անպատասխանատու հայտարարություններին եւ ասել, որ, առաջին հերթին, Միացյալ Նահանգները ներգրավված չէ դրանում: Իսկ ցանկացած հակառակ պնդում պարզապես ծիծաղելի է: Երկրորդ՝ հիմք չունենք ենթադրելու, որ Իսրայելը ներգրավված է պայթյունների գործում»,- ընդգծել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանի Քերման քաղաքի գերեզմանոցի մերձակայքում տեղի ունեցած պայթյունները։
Հարցին, թե ինչու Իսրայելը չի կարող մասնակցել պայթյուններին, Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը հակառակը հաստատող որեւէ տեղեկություն չունի: Նա հավելել է, որ Վաշինգտոնը վերահսկում է իրավիճակը, սակայն տեղեկություն չունի, թե ովքեր կարող են մասնակից լինել պայթյուններին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից զոհերի թիվը հասել է 188-ի: Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ սգո երթի ժամանակ կատարված ահաբեկչությունը պատվիրած եւ իրականացրած անձինք կհայտնաբերվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն։ Նա դատապարտել է «հակաիրանական հանցագործների» ահաբեկչական այս քայլը եւ ցավակցել է զոհվածների ընտանիքներին։