Microsoft-ը հայտարարել է, որ Windows օպերացիոն համակարգի ստեղնաշարերից հանում է Windows կոճակը, որը սովորաբար գտնվում էր ձախ «ctrl»-ի եւ «alt»-ի միջեւ: Օգտատերերն այս ստեղնը կիրառում էին «գործարկում» ընտրացանկը միացնելու համար, սակայն այն այլեւս հասանելի չի լինի նոր ստեղնաշարերի վրա:
Windows կոճակի փոխարեն կհայտնվի Copilot («երկրորդ օդաչու») կոչվող ստեղնը, որը կգործարկի Microsoft-ի մշակած սեփական նեյրոցանցը։ Copilot-ը ծառայություն է մատուցում արհեստական բանականության օգնությամբ եւ նախատեսված է օգտատերերին աջակցելու տեքստ գրելիս, տարբեր լեզուներից թարգմանելիս եւ այլ առաջադրանքներ կատարելիս:
Windows կոճակն առաջին անգամ հայտնվել է ստեղնաշարերի վրա 1994 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր դարձել է «ոսկե ստանդարտ» համակարգչի գրեթե բոլոր ստեղնաշարերի համար: Այն ընդունակ է բացելու ոչ միայն համակարգի հիմնական ընտրացանկը, այլեւ մասնակցում է բազմաթիվ «թեժ ստեղների» կոմբինացիաներին: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռում սահուն անցում կատարելու համակարգչի պատուհանների եւ հավելվածների միջեւ, նվազագույնի հասցնելու այդ պատուհանները եւ այլն:
Copilot ստեղնը օգտատերերին կտրամադրի այլ հնարավորություններ: Microsoft-ը նշում է, որ նեյրոցանցի օգնությամբ օգտատերերը կկարողանան ավելի արագ եւ արդյունավետ տեքստ գրել, թարգմանել այն օտար լեզուներով՝ առանց թարգմանիչ հավելված օգտագործելու, ստեղծել տարբեր փաստաթղթեր եւ կատարել օպերացիոն համակարգի ձայնային կառավարում: Նեյրոցանցը խորապես ինտեգրվելու է Windows-ի բոլոր նոր վարկածներին եւ պետք է բարելավի օգտատերերի աշխատանքը:
Նոր ստեղնաշարով առաջին ստեղնաշարերը կցուցադրվեն հունվարի 9-12-ն անցկացվելիք CES 2024 ցուցահանդեսում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Microsoft կորպորացիան բանակցություններ է վարում գործընկերների հետ՝ բացելու համար սեփական բջջային խաղերի առցանց խանութը, որն այս շուկայում կփոխարինի Apple-ին եւ Google-ին: