Հյուսիսային Կորեան հունվարի 5-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք Դեղին ծովում են:
Խաղաղ բնակիչների եւ զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի՝ 2018 միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակում սահմանված բուֆերային գոտու հատվածը:
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» եւ նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիսարեւմտյան սահմանային կղզիներում։
Կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արեւմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո եւ Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։