Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարված անձինք են: Դրա մասին հունվարի 5-ին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՔԿ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել։
Քյարամյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, եւ արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակում: «Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»,-շեշտել է քննչական կոմիտեի նախագահը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ Հայաստանը փաստական տվյալներ ունի: Նա հավելել է, որ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերից 5-ն անչափահաս էին։
Քյարամյանը նշել է նաեւ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանական բանակի շարքերում վիրավորված 244 անձանցից շուրջ 70-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում՝ 10 անչափահաս։ Կան նաեւ 20 անհայտ կորածներ, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են: