Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարինշը հունվարի 5-ին հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու համար Արեւմուտքը պետք է երկարաժամկետ ռազմավարություն մշակի, քանի որ Մոսկվան նոր նպատակներ է փնտրելու՝ անկախ ուկրաինական պատերազմի արդյունքներից։
Լատվիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանն ունի իմպերիալիստական գաղափարախոսություն, եւ դա նշանակում է, որ Մոսկվայի սպառնալիքը կմնա նույնիսկ նոր նախագահի դեպքում, կամ եթե Ուկրաինան վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։
Կարինշի համոզմամբ՝ Մոսկվան երբեք կանգ չի առնի, Ռուսաստանի դեմը պետք է առնի առաջադեմ աշխարհը: «Հենց սա է կարեւոր ՆԱՏՕ-ի համար. ստիպված կլինենք աշխատել Ռուսաստանին զսպելու երկարաժամկետ ռազմավարության վրա»,- ընդգծել է Լատվիայի արտգործնախարարը:
Նախօրեին էլ Լեհաստանի վարչապետ, Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիներին Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա: