Բաքվի վերաքննիչ դատարանը հունվարի 7-ին քննել է Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առեւանգված եւ հետագայում 15 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշման բողոքարկումը:
Նիստի ընթացքում Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան խնդրել է դատարանին անմեղ ճանաչել իր պաշտպանյալին, որը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ։
Խոսքի իրավունք ստացած Վագիֆ Խաչատրյանը կրկնել է, որ ինքը 1991-ի մարտերին չի մասնակցել եւ անմեղ է։ «Ես այնտեղ չէի եւ ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում: Ես խնդրում եմ ազատել ինձ»,- շեշտել է Վագիֆ Խաչատրյանը:
Վերաքննիչ նիստին ներկա դատախազ Տարանա Մամեդովան եւ այսպես կոչված «տուժածները», սակայն, դատարանին հորդորել են չբավարարել Խաչատրյանի բողոքը։
Դատավարությունը կտեւի մինչեւ հունվարի 15-ը։