ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախարարությունն ուսումնասիրել է մի շարք երկրների՝ ներառյալ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։
Մինասյանը նշել է, որ «առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով»։
Արդարադատության նախարարի համոզմամբ՝ այդ քայլերը կօգնեն, որ Հռոմի ստատուտի վավերացումը նպաստավոր անդրադառնա Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու գործում։
Ըստ Մինասյանի՝ դրանից հետո Հայաստանի քննչական մարմինները կկարողանան հետաքննությանը ներգրավել միջազգային դատախազների։ Նա նշել է, որ գալով Հայաստան եւ ծանոթանալով փաստաթղթերին՝ միջազգային դատախազները կդառնան այդ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները քննող դատավարության մասը: «Այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ, այլ ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- ընդգծել է նախարարը։
Հայաստանի Ազգային ժողովը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին՝ հիմնավորելով դա նրանով, որ Հայաստանը նման կերպ հնարավորություն կստանա Միջազգային ատյանի առջեւ բարձրացնել Հայաստանի եւ նրա դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների հարցը (ներառյալ 2021-2022 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումների ժամանակ)։