ՀՀ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան Երեւանի կենտրոնից եւ կտեղակայվեն քաղաքի ծայրամասում: Դրա մասին հունվարի 8-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Այսինքն՝ քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, եւ կենտրոնը կբեռնաթափվի, եւ այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք եւ շահույթ կգեներացվի»,- մանրամասնել է նախարարը։
Կառավարական թաղամասը կկառուցվի Երեւանի ծայրամասերում՝ ըստ միջազգային փորձի։ Նախագիծը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Արդարադատության նախարարը նշել է, որ նախկինում արդարադատության նախարարությունը, դատախազությունը եւ արդարադատությանն առնչվող մնացած կառույցները Երեւանի կենտրոնից տեղափոխելու գաղափար էր շրջանառվում։ Բայց հետո, ըստ նախարարի, որոշվել է ավելի մեծ նախագիծ կազմել եւ կառավարական թաղամաս կառուցել։
Ակնկալվում է, որ կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի արդեն այս տարի։