Եմենի հութիները պահանջում են, որ Կարմիր ծովում Բաբ ալ-Մանդիի նեղուցով անցնող նավերը հայտարարեն, որ իրենք Իսրայելի հետ առնչություն չունեն: Հութիները համարում են, որ իրենց առաջարկը Կարմիր ծովում լարվածությունը թուլացնելու առումով «պարզ եւ ընկալելի լուծում» է:
Ահաբեկչական խմբավորման Գերագույն հեղափոխական կոմիտեի ղեկավար Մուհամմադ Ալի ալ-Հութին իր X սոցցանցի գրառման մեջ միջազգային բեռնափոխադրող ընկերություններին եւ տրանսպորտի նախարարություններին ուղղված հաղորդագրություն է զետեղել, որում պահանջվում է, որ նեղուցի մոտեցող յուրաքանչյուր նավ փոխանցի հետեւյալ հաղորդագրությունը. «Մենք Իսրայելի հետ հարաբերություններ չունենք»։
Ալ-Հութին զգուշացրել է, որ եթե նավը նման հաղորդագրություն է տարածում, սկայան հետո մեկնում է իսրայելական նավահանգիստ, հայտնվում է սեւ ցուցակում եւ Իսրայելից Կարմիր ծովով վերադառնալիս կգրավվի, իսկ անձնակազմը պատանդ կվերցվի:
Պենտագոնի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր հութիներն ավելի քան 100 անօդաչու սարքեր եւ հրթիռային են արձակել Կարմիր ծովի եւ Իսրայելի թիրախներին՝ հարվածի տակ դնելով տարանցիկ ճանապարհը, որով անցնում է համաշխարհային առեւտրի շուրջ 12%-ը:
Հատկանշական է, որ նավագնացության, լոգիստիկայի եւ արդյունաբերական համաշխարհային հսկան՝ չինական պետական COSCO Shipping կորպորացիային պատկանող բեռնանավը, դադարեցրել է նավարկությյունը իսրայելական նավահանգիստներ: Դրա մասին ահազանգում է իսրայելական Globes պարբերականը:
COSCO-ին բաժին է ընկնում համաշխարհային առեւտրի մոտ 11%-ը եւ կոնտեյներային բեռնափոխադրումների ոլորտում աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: 2020 թվականի դրությամբ China COSCO Shipping-ը աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ընկերությունն էր՝ առաջ անցնելով համաշխարհային այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Maersk Group-ը (39,2 միլիարդ դոլար) եւ CMA CGM-ը (30,2 միլիարդ դոլար) եկամտի առումով (44,6 միլիարդ դոլար):