Հարավային Կովկասում տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք դառնալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտման համար: Հունվարի 8-ին դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին:
Նա հավելել է, որ Իրանը հստակ դիրքորոշումներ ունի հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ տարանցիկ միջանցքների վերաբերյալ:
«Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք լինել աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ երկրների տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Քանաանին հավելել է, որ Թեհրանը տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար բացառիկ ջանքեր է գործադրում։
Նախօրեին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան ակնկալում է մինչեւ 2029 թվականը կյանքի կոչել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը: Անդրադառնալով «միջանցքին» առնչվող Երեւանի դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն ընդգծել էր, որ հայկական կողմն առաջին անգամ նման նախաձեռնության մասին լսելիս բացասաբար է արձագանքել: