Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն կողմնակալ եւ կեղծ է անվանել 2023 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը, որի արդյունքում Բաքուն ներառվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողության ցանկում:
Բաքվում համարում են, որ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանում կրոնական ազատության խախտման ենթադրությունների հիման վրա Ադրբեջանի ընդգրկումը միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում (հատուկ վերահսկողության ցանկ) ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիայի միջոց: Ադրբեջանական գերատեսչությունը հավելել է, թե կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած թերությունները չեն արտացոլում իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։
«Հանձնաժողովի վերոհիշյալ հաշվետվություններում շատ կետեր ուսումնասիրված չեն, դրանցում հղում է կատարվում հայամետ աղբյուրներին, իսկ երբեմն դեպքերին միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում»,- ասված է հայտարարության մեջ: Գերատեսչությունում համարում են, թե «սխալ բացատրությունները» լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը, որոնք չեն համապատասխանում դրանց պատրաստման ընթացքում դրված նպատակներին ու խնդիրներին:
Ադրբեջանական գերատեսչությունը ԱՄՆ-ի որոշման տողատակերում «հայամետ ուժերի» հետք է փնտրում, որոնք, ըստ Բաքվի, իբր «զրպարտության արշավ» են սկսել Ադրբեջանի դեմ՝ Պետդեպարտամենտին խորհուրդ տալով «ջուր չլցնել նրանց ջրաղացին եւ ձեռնպահ մնալ երկակի ստանդարտների քաղաքականությունից»։