Արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան, Վրաստանի եւ Հայաստանի «Ալիք Մեդիա» կայքերի հիմնադիր Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերը վերացնելու՝ Երեւանի իշխանությունների որոշմանը:
Խառատյանը նշում է, որ «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերը վերացնելու վերաբերյալ քաղաքապետարանը դեռեւս որեւէ տրամաբանական բացատրություն չի տվել: Ինչ է հասկանում քաղաքապետարանը «հանրային շահ» ասելով, երբ իր որոշումները երեւանցիների շահերին ծառայեցնելու փոխարեն փորձում է այդ նույն «հանրային գերակա շահով» արդարացնել թենիսի կորտերը վերացնելու իր քմահաճ որոշումը՝ նման կերպ ոտնահարելով մայրաքաղաքի բնակիչների իրական հանրային շահը:
«Ավելի հանրային տարածք, քան 4 տասնամյակի ավանդույթով այս կորտերն են դժվար է պատկերացնել»,- նշել է Արսեն Խառատյանը: Նա հավելել է, որ հատկապես վերջին օրերին մարզային դպրոցների նորակառույց վոլեյբոլի, ֆուտզալի, բասկետբոլի մարզասրահների «ստանդարտներից բողոքող վարչապետն ու իր կառավարությունը, որոնք ջանք չեն խնայում սպորտի կարեւորությունից խոսել, պետք է բացատրեն, թե ինչո՞վ են ուզում փոխարինել մեր մանկության այս բացառիկ սպորտային կենտրոնը»:
Վերլուծաբանն իր անձնական օրինակով հիմնավորում է, որ հենց «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերի շնորհիվ է, որ թենիսն այլեւս ոչ թե շռայլություն, այլեւ միանգամայն հասանելի սպորտային զբաղմունք էր դարձել միջին երեւանցու համար:
Արսեն Խառատյանն ընդգծում է, որ լավագույն լուծումը ոչ թե«Բուրիվեսնիկը» վերացնելը, այլ բարելավելումն ու անհրաժեշտության դեպքում սուբսիդավորումն է, «որպեսզի թենիս խաղալը, կամ՝ խաղալ սովորելը, հասանելի լինի միջին երեւանցու համար նաեւ հիմա, ինչը եւ կլինի իրական հանրային գերակա շահը»:
Երեւանյան «Բուրիվեսնիկ» թենիսի կորտերի նկատմամբ հասարակական լայն հնչեղությունը հույս է ներշնչում, որ քաղաքային իշխանությունները գուցե հարգեն երեւանցիների տեսակետը եւ վերանայեն իրենց հապճեպ ընդունած որոշումը:
Քաղաքապետարանի ուշացած արձագանքը
Ավելի ուշ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չունի: Միաժամանակ նա չի բացառել, որ կորտերը կտեղափոխեն։ «Թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում դրանք այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,– հավելել է Կոստանյանը։