Պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած եւ 2023-ի դեկտեմբերից աշխատանքից ազատված միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները բողոքի ակցիա են անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց։
Ուսուցիչները պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նույնպես նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ատեստավորում անցնելու եւս մեկ հնարավորություն տան։
Բողոքող ուսուցիչներին հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հիշեցրել է, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023-ի օգոստոսին, բայց նրանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն է տրվել։
Մոտ 30 րոպե հետո ԿԳՄՍ նախարարը համաձայնել է ընդունել միայն 3 ուսուցչի։
Ավելի ուշ Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպած ուսուցիչները պատմել են, որ նախարարը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։
Այն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որեւէ բուհում), նախարարն առաջարկել է ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։