Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենիել Ռուբենշտեյնին առնչվող զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումը Արեւելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: Լեմկինի ինստիտուտը կրկնել է հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պաշտպանելու եւ նրա բնակիչների կամքը հարգելու մասին իր կոչը:
Ընդգծվում է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին եւ ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ նման նախազգուշացումները կարեւոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:
«Լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը եւ իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի եւ Արեւելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է ինստիտուտի X-ի գրառման մեջ:
Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքության եւ հայ համայնքի նկատմամբ բռնությունները դատապարտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը: