ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնել աննախադեպ շատ լրագրողների մահվան դեպքերի վերաբերյալ: ՄԱԿ-ի խոսնակ Ֆլորենսիա Սոտո Նինյոն կրկնել է լրագրողներին չթիրախավորելու կոչերը: Խոսնակը հայտարարել է, որ լրագրողները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի ճշմարտությունը հասցնեն բոլորին ամբողջ աշխարհում, եւ դա ավելի ու ավելի դժվար է դառնում նման պայմաններում։
Անցյալ ամիս կատարված վերլուծությունները պարզել են, որ հոկտեմբերին իսրայելական տանկի կրակոցից սպանվել է Reuters գործակալության լրագրող Իսսամ Աբդալլահը, ինչը, թվում է, դիտավորյալ հարձակում էր: Հետաքննությունները պարզել են, որ Իսրայելը գիտեր լրատվական խմբի գտնվելու վայրը։
Հունվարի 7-ին Գազայում պատերազմը լուսաբանող եւս երկու լրագրող է զոհվել։ Լիբանանի բյուրոյի ղեկավար Մայա Գեբեյլին ասում է, որ Reuters-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նա շեշտում է այն վտանգավոր պայմանները, որոնցում աշխատում են իր գործընկերները: «Դա կործանարար օրինաչափություն է, երբ մենք տեսնում ենք, որ լրագրողներն ի վիճակի չեն կատարելու իրենց աշխատանքը այդպիսի անկանոն ռմբակոծության պատճառով»,- ասել է նա։
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը չի պատասխանել «Ամերիկայի Ձայն»-ի հարցին: Սակայն վերջինիս խոսնակը նախկինում ասել էր, որ իրենք երբեք միտումնավոր չեն թիրախավորում լրագրողներին:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 8-ը սպանվել է գրեթե 79 լրատվամիջոցի աշխատակից. լրագրողներից 72-ը պաղեստինցի է, 4-ը՝ իսրայելցի, 3-ը՝ լիբանանցի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միջազգային քրեական դատարանը լրագրողների դեմ հանցագործությունները ներառել է պատերազմի հետաքննության մեջ: