ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո վրեժխնդիր լինելու «Հըզբոլլահ»-ի սպառնալիքի պայմաններում Լիբանանի բնակչությունը մտահոգված է։ Հատկապես անհանգիստ են լիբանանցի քրիստոնյաները, թե հայտնվելու են մի հակամարտության կիզակետում, որի հետ առնչություն չունեն:
«Հըզբոլլահ»-ի եւ Իսրայելի միջեւ լարվածությունը շարունակում է աճել, հատկապես այն պահից ի վեր, երբ շարժման առաջնորդ Հասան Նասրալլան սպառնաց, թե ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի սպանության համար Իսրայելն «անպատիժ չի մնա»:
Նասրալլայի խոսքերը մտահոգություն են առաջացրել հատկապես Լիբանանի քրիստոնյաների շրջանում: «Մարդիկ սկսում են մտածել, որ լիբանանցի քաղաքական գործիչները եւ օտարերկրյա առաջնորդներն այլեւս ի վիճակի չեն ճգնաժամին լուծումներ տալու եւ դիմում են Աստծուն: Նա միակն է, որ կարող է մխիթարություն եւ ուժ տալ՝ առաջ գնալու համար»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասում է Հայր Գաբրիել Տաբետը:
Լիբանանը, որտեղ բնակչության 80%-ն անվճարունակ է, իր պատմության ամենից ծանր տնտեսական ճգնաժամն է ապրում: Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագետ Մոհամադ Ֆաուրն ասում է, որ Լիբանանի ազգային դրամն արժեզրկվել է: «2009-ին մեկ ամերիկյան դոլարի դիմաց 1500 լիրա էին տալիս, այժմ՝ 89 հազար: Եթե իրավիճակը վատանա, տնտեսության անկումը կշարունակվի, ինչն էլ կործանարար հետեւանքներ կունենա»,- ասել է տնտեսագետը:
Այս ամենի հետնապատկերում ավելի ինտենսիվ են դարձել «Հըզբոլլահ»-ի եւ իսրայելական ռազմուժի միջեւ սահմանային բախումները։ Լիբանանի քրիստոնյաները «Հըզբոլլահ»-ին կոչ են արել խուսափել պատերազմից: Անորոշությանն ընդառաջ՝ լիբանանցիների մեծ մասը հույս ունի, որ երկիրը, այնուամենայնիվ, կխուսափի արյունահեղությունից ու ավերածություններից: