Լիբանանյան «Ալ-Ախբար» պարբերականը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը եվրոպական մայրաքաղաքներից մեկում հանդիպելու է Լիբանանի խորհրդարանի փոխնախագահ Էլիաս Աբու Սաաբի հետ։ Երկու քաղաքական գործիչները պարբերաբար շփվում են նաեւ հեռախոսով։ Ըստ հաղորդագրության՝ Բեյրութն արդեն ունի կարգավորման պահանջների ցանկ՝ ի լրումն Հասան Նասրալլայի հնչեցրած պայմանի՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ավարտի։
Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին Հոխշտեյնը կայցելի Լիբանան: «Ալ-Ախբար»-ի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնը համոզված է, որ ռազմական տարբերակը Իսրայելին հաջողություն չի բերի։
Ըստ հաղորդագրության՝ լիբանանյան կողմից Հոխշտեյնին կներկայացվեն հետեւյալ պահանջները.
Որոշում Ռաս ալ-Նակուրայի B1 կետի վերաբերյալ, այսինքն՝ ծովային սահմանի սահմանազատման գծի փոփոխություն. հարց, որը չի լուծվել ծովային սահմանի պայմանագրով.
Լիբանանի վերահսկողության վերականգնում Ռոշ Հանիկրայի երկաթուղային թունելներից մեկի՝ «Ա-Նակուրա թունելի» նկատմամբ, որը Իսրայելի հետ ցամաքային սահմանին է եւ արգելափակված է։
Պարտավորություն, որ Իսրայելը խախտումներ չի կատարի Կապույտ գծի երկայնքով (Լիբանանի հետ սահման) ո՛չ ծովում, ո՛չ ցամաքում, ո՛չ օդում:
Նակուրայից մինչեւ Ռաջար գյուղի հյուսիսային հատված ցամաքային սահմանի երկայնքով վիճելի կետերի կարգավիճակի հաստատում։
Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող գազի հետախուզման հնարավոր օֆշորային տարածքներում Total Drilling-ի կողմից աշխատանքների վերսկսում:
Լիբանանյան աղբյուրները նշում են, որ Հոխշտեյնը հույս ունի կանխելու պատերազմի հետագա սրումը հյուսիսային ճակատում: Սակայն, ըստ այդ աղբյուրների, այս քայլը կախված է ոչ միայն Գազայի պատերազմից, այլեւ Լիբանանի քաղաքական իրավիճակից, որտեղ մեկ տարուց ավելի նախագահ չկա։