ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է պետական վճարումների համար միջնորդավճարը հանել։ Դրա մասին ՀՀ Ազգային ժողովում հունվարի 10-ին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը։
Նա հավելել է, որ որոշ դեպքերում կանխիկ ու անկանխիկ տարբերակով վճարումներ անելիս գների մեջ տարբերություն է նկատվում: Հատկապես խոշոր գնումների դեպքում գնի տարբերությունն ակնհայտ է։ Գեւորգյանը դժգոհել է, որ ՀՀ տարածքում 20-24 հազար POS տերմինալ չի օգտագործվում:
ԿԲ պաշտոնյան դրական միտում է համարում այն, որ կանխիկացումները շատացել են, այդուհանդերձ, մարդիկ գումարը ստանում են քարտով ու անմիջապես կանխիկացնում եւ խուսափում անկանխիկ գործարքներից։
ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիներն անկանխիկ եղանակով հիմնականում գնումներ են անում սուպերմարկետներում, մթերային խանութներում, ռեստորաններում եւ հյուրանոցներում: Անկանխիկ գործարքների առումով էական աճ է նկատվում նաեւ առողջապահության ոլորտում: