Պատմության մեջ առաջին մահապատիժը ազոտի գոլորշիով խեղդամահ անելու եղանակով հունվարի 11-ին թույլատրվել է իրագործել ԱՄՆ Ալաբամա նահանգում:
Որոշումն ընդունել է դաշնային դատավորը։ Փաստաբանները քննադատում են մահապատժի ընթացակարգը՝ այն որակելով որպես դաժան եւ փորձառական:
1988 թվականին քարոզչի կնոջ սպանության համար դատապարտված Քենեթ Յուջին Սմիթի մահապատիժը նախատեսվում է իրագործել հունվարի 25-ին։ Նրա փաստաբանը խոստացել է բողոքարկել որոշումը։ Associated Press-ը նշում է, որ հարցը կարող է հայտնվել Գերագույն դատարանում։
Մահապատժի իրագործման համար ազոտի օգտագործումն արդեն թույլատրվել է ամերիկյան երեք՝ Ալաբամա, Միսիսիպի եւ Օկլահոմա նահանգներում, սակայն բուն ընթացակարգը մինչ այժմ չի իրականացվել։ Այն նախատեսում է, որ դատապարտյալին հագցնում են դիմակ, որի միջոցով ազոտ է բաց թողնվում, ինչի հետեւանքով անձը մահանում է շնչահեղձությունից։