Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում հունվարի 11-ին բացվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Այն նախաձեռնել են Փարիզի քաղաքապետարանը եւ «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը։ Ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նշել է, որ դրա կազմակերպումը համերաշխության հերթական դրսեւորումն է։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները»,- ընդգծել է ՀՀ դեսպանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան եւ Կարին Ռոլանը, «l’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաեւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։