Պետական եկամուտների կոմիտեն փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ։
Ըստ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ բոլոր սեփականատերերին տրվել է այլընտրանքային հնարավորություն՝ եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարող վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ: Հաջորդ տարի էլ կներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու կվճարեն հարկերը։
Նա հավելել է, որ դա հատկապես կիրառելի է այն դեպքերում, երբ բնակարանը տրվում է օրավարձով կամ ժամավճարով: «Պարզ է` երկու–երեք օրը մեկ չեն կարող գալ կադաստր, գրանցում անել»,– շեշտել է Բադասյանը։
ՊԵԿ-ի առաջարկին արձագանքել է արդեն 5000 քաղաքացի։ Կոմիտեից զգուշացրել են, որ այլ սեփականատերերի արձագանքին կսպասեն մինչեւ փետրվարի 1-ը, այնուհետեւ կսկսեն ստուգումները։
Պետական եկամուտների կոմիտեն կոչ է արել քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություններ, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից եւ մեծ տուգանքներից։