ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հունվարի 11-ին ԱԺ-ում ներկայացրել է համապաստախան օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» եւ «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները (օրինակ՝ «վաստակավոր լրագրող», «ժողովրդական նկարիչ» եւ այլն) եւ ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։
Նա համակարգը ժամանակավրեպ է որակել եւ նշել, որ այն բացասաբար է անդրադառնում առանձին մասնագիտական հանրույթի ներսում փոխհարաբերությունների վրա:
Ըստ նրա՝ ուսումնասիրվել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ չկա։ Մասնագետների խրախուսումը հենվում է ոլորտային մրցանակաբաշխությունների վրա։ «Որեւէ կերպ չեն տալիս այդպիսի հնարավորություն մշտապես՝ մինչեւ կյանքի ավարտն ունենալ «ժողովրդական» կամ «վաստակավոր» կոչում»,- շեշտել է փոխնախարարը։
Անդրադառնալով նախկինում տրված կոչումներին՝ նա նշել է, որ դրանք պահպանվելու են։ Պահպանվելու է նաեւ 40 հազար դրամ չափով տրվող պատվո վճարը։ Նախագծով առաջարկվում է սահմանել միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական՝ «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» կոչումը: