Հաագայի միջազգային դատարանում Հարավային Աֆրիկայի խնդրանքով հունվարի 11-ին լսումներ են սկսվել «Գազայի պաղեստինցիների դեմ իսրայելական ցեղասպանության» գործով։
Մինչ լսումների սկսվելը Բրազիլիան եւ Կոլումբիան հայտարարել են, որ սատարում են Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության գործին:
Հարավային Աֆրիկայի իրավական ներկայացուցիչն իր ելույթում դատարանի ուշադրությանն է հրավիրել մի շարք փաստերի վրա, որոնք անտեսելն անհնար է համարել: Մասնավորապես նա հիշեցրել է, որ Իսրայելը Գազայի հատվածը ենթարկել է վերջին 96 օրվա ընթացքում, ինչը ամենաինտենսիվ ռմբակոծությունն է ժամանակակից պատերազմի պատմության մեջ:
Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիները ենթարկվում են շարունակական ռմբակոծությունների եւ պատսպարվելու տեղ չունեն: Գազայի բնակչության ավելի քան 80%-ին իսրայելական ռազմական արշավի պատճառով աղետալի սով է սպառնում։
Իրավական ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը Գազայում պաղեստինցիների զանգվածային սպանություններ է կատարում՝ խախտելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման մասին կոնվենցիան: Նա հիշեցրել է , որ հրեական պետությունը 24 ժամվա ընթացքում տարհանման հրաման է արձակել Գազայի հատվածի հյուսիսից հարավ, ինչը եւս ցեղասպանություն է համարվում:
Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազան անվանել է երեխաների գերեզմանոց, իսկ պաղեստինցիների ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքԸ՝ աննկարագրելի: