Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղությանը։ Դրա մասին հունվարրի 12-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ում շատ են ոգեշնչված այն հանգամանքով, որ Երեւանն ու Բաքուն շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ եւ հասցեագրել այն խնդիրները, որոնք կան նրանց միջեւ։
«Դեռ աշխատանք կա անելու, եւ պատրաստ ենք աջակցելու՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության եւ քաղաքական ոլորտներում։ Ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի»,- հայտարարել է Օ’Բրայենը։
Նա ընդգծել է, որ սա երկու երկրների կառավարություններին կրկին մեծ հնարավորություն է ընձեռում ավելին անելու իրենց ժողովուրդների համար: Նա հավելել է, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։
«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից»,- ընդգծել է Ջեյմս Օ՛Բրայենը։