Հանրապետության դպրոցներում երկուշաբթի օրվանից բուժքույրերը կզննեն աշակերտներին։ Ասուլիսի ժամանակ դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելել է, որ եթե բուժքույրերը որոշակի ախտանշաններ նկատեն, աշակերտներին տուն կուղարկեն:
ՀՀ առողջապահության նախարարի տվյալներով` դպրոցներում բացակայությունների թիվը չի գերազանցում 2 տոկոսը։
Հունվարի 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է գրիպի եւ սուր շնչառական վարակների աճ: Հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը 0-18 տարեկան անձինք են:
Ըստ նախարարի՝ համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի 10-ին սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 759 մարդկանց 90%-ը երեխաներ են: Թոքաբորբով ախտորոշված 280 հիվանդների 60%-ն անչափահասներ են։