Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն հայտարարել է, որ ծրագրում է դադարեցնել էլեկտրական մեքենաների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող գործարանում: Պատճառը Կարմիր ծովում հարձակումների պատճառով տրանսպորտային ուղիների փոփոխություններն ու բաղադրիչների մատակարարման խափանումներն են: Փոխադրման ժամանակի զգալի աճը բաց է ստեղծում մատակարարման շղթաներում, պարզաբանել են ընկերությունից։
Reuters-ը հայտնում է, որ գործարանը կփակվի հունվարի 29-ից փետրվարի 11-ը։ Գործակալությունը նշում է, որ շատ ընկերություններ՝ ներառյալ՝ Geely-ն՝ Չինաստանի երկրորդ խոշորագույն ավտոարտադրողը, եւ տնային կահավորման շվեդական IKEA ընկերությունը, արդեն նախազգուշացրել են մատակարարման հետաձգման մասին:
«Կարմիր ծովում զինված հակամարտությունները եւ Եվրոպայի ու Ասիայի միջեւ տրանսպորտային երթուղիներին առնչվող փոփոխությունները, որոնք ստիպում են նավերին անցնել Բարեհուսո հրվանդանով, «ազդում են Գրյունհեյդեի արտադրության վրա»,- ասվում է Tesla-ի հայտարարության մեջ:
Tesla-ն առաջին ընկերությունն էր, որը հայտնեց արտադրության խափանումների մասին Կարմիր ծովով հարձակման պատճառով, սակայն վերլուծաբաններն ակնկալում են, որ այլ ավտոարտադրողներ նույնպես կարող են տուժել առեւտրային նավերի վրա հութիների հարձակումներից: «Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից, մեծ քանակությամբ բաղադրիչներից կախվածությունը ցանկացած ավտոարտադրողի մատակարարման շղթայում պոտենցիալ թուլություն է: Tesla-ն մեծապես հենվում է Չինաստանի վրա մարտկոցների առումով, որոնք պետք է առաքվեն Եվրոպա Կարմիր ծովով»,- գործակալությանը բացատրել է AutoForecast Solutions-ի փոխնախագահ Սեմ Ֆիորանին:
IfW Kiel ինստիտուտի վերլուծաբաններն ասում են, որ համաշխարհային առեւտուրը 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկել է 1,3 տոկոսով՝ Կարմիր ծովում առեւտրային նավերի վրա հութիների հարձակումների պատճառով: Ինստիտուտի տվյալներով՝ այժմ Կարմիր ծովով օրական տեղափոխվում է մոտ 200 հազար կոնտեյներ՝ նոյեմբերին օրական 500 հազարի փոխարեն: