ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ին անցկացված ճեպազրույցում մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում եւ թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ:
Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական եւ ամենակարեւորը՝ իրականությանը չհամապատասխանող: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ դրանք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:
Նա նշել է, որ ռուսական կողմը այդ հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմաթիվ անգամներ է հայտնել, ասել է, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում եւ հաստատ ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
Ըստ նրա՝ դա կարող է ձեռնտու լինել ինչ-որ մեկին Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս:
Զախարովան որպես իր խոսքերի ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու նպատակները։
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում որոշակի հետընթաց կա, ՌԴ ԱԳՆ պաշոտնական ներկայացուցիչն ասել է, թե դա կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի՝ օրերս Հայաստան կատարած այցի հետ:
«Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ են եղել ամերիկացի բանագնացի Երեւան այցից անմիջապես հետո, բայց այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին»,- նշել է Զախարովան: