Չինական Betavolt New Energy Technology ընկերությունը հայտարարել է փոքրիկ միջուկային մարտկոցի ստեղծման մասին: Դրա մասին գրում է բրիտանական Independent պարբերականը:
Ընկերության առաջին արտադրանքը՝ BV100 մարտկոցը, ունի 100 միկրովտ հզորություն, 3 վոլտ լարում եւ 15x15x5 խորանարդ միլիմետր ծավալ, որը փոքր է մետաղադրամից։ Միջուկային մարտկոցների էներգիայի խտությունը 10 անգամ ավելի է, քան եռակի լիթիումային մարտկոցներինը: Նրանք կարող են կանոնավոր աշխատել -60-ից մինչեւ -120 °C ջերմաստիճանի պայմաններում:
Betavolt-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Չժան Վեյն ասել է, որ նոր միջուկային մարտկոցը կարող է ապահովել էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում 50 տարվա ընթացքում: Այն լիովին անվտանգ է, չի պահանջում լիցքավորում, սպասարկում եւ ճառագայթներ բաց չի թողնում:
Մարտկոցը կարող է օգտագործվել սարքավորումներում, էլեկտրամեխանիկական համակարգերում, սենսորներում, փոքր դրոններում եւ միկրոռոբոտներում։ Միջուկային մարտկոցների շնորհիվ բջջային հեռախոսները լիցքավորելու անհրաժեշտությունը կվերանա, իսկ փոքր դրոնները կարող են շաբաթներ շարունակ մնալ օդում։
Միջուկային մարտկոցը որպես էներգիայի աղբյուր օգտագործում է նիկել-63, իսկ որպես էներգիայի փոխարկիչ՝ ադամանդի կիսահաղորդիչ։ Այս միջուկային մարտկոցի հիմնական կառուցվածքը ներառում է փոխարկիչ, ենթաշերտ, նիկել-63 աղբյուր եւ մարտկոցի պաշտպանիչ շերտ։
Ըստ Betavolt ընկերության ինժեներների՝ արտաքին ջերմաստիճանը չի ազդում մարտկոցի ներսում քիմիական գործընթացների վրա, եւ երբ դրա ծառայության ժամկետը լրանա, բաղադրիչները պարզապես կքայքայվեն։