Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից շուրջ մեկ ամիս էր անցել, երբ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով «հաղթանակի շքերթին» մասնակցելու համար Բաքու մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց․ «Այսօր ես իմ եղբոր հետ քննարկեցի վեց երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ ցանկության դեպքում Երեւանի՝ Հայաստանի մասնակցությամբ հարթակ ստեղծելու հնարավորությունը։ Սա լավ համագործակցություն կլինի տարածաշրջանի զարգացման համար»։
Դա նշանակում էր Հարավային Կովկասի երեք երկրներին (Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին) եւ սահմանակից մյուս երեք երկրներին (Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) ներառող քաղաքական ու տնտեսական համագործակցության մեխանիզմ ստեղծելու առաջարկ։
Այլ կերպ ասած`«3+3», որը, Էրդողանի խոսքով, դեռ իր սկզբնավորման փուլում ողջունել էին ոչ միայն Ալիեւը, այլեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գրեթե նույն այդ ժամանակահատվածում համանման առաջարկով հանդես եկավ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 2021 թվականի հունվարին Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Ջավադ Զարիֆը ավելի լայն տարածաշրջանային այցերի շրջանակներում (մինչ այդ նա եղել էր Երեւանում, Բաքվում, Թբիլիսիում եւ Անկարայում) Մոսկվա ուղեւորվելիս հայտարարել էր․ «Մենք ձգտում ենք տարածաշրջանում ստեղծել վեցակողմ համագործակցության միություն, եւ դա այս տարածաշրջանային այցի կարեւորագույն նպատակն է»։ Նա նաեւ ընդգծել էր, որ առաջարկվածը կարող է ծառայել որպես նոր հետպատերազմյան տարածաշրջանային ինտեգրման հարթակ։
2021 թվականի սկզբի դրությամբ «3+3» հարթակի շրջանակում համատեղ աշխատանքներ սկսելուն անվերապահորեն կողմ էին 4 երկիր՝ «նոր իրավահավասար եւ բազմաբեւեռ աշխարհակարգ» երազող Ռուսաստանն ու Իրանը եւ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով համաթուրանականության իդեալներ դավանող Թուրքիան ու Ադրբեջանը։
Տպավորություն է ստեղծվում, թե Անկարայի ու Թեհրանի համար տարածաշրջանում միակ խոչընդոտը Արցախյան հակամարտությունն էր, որի վերացումով միայն կարելի կլիներ բարիդրացիական նման միջավայր ստեղծել։ Սակայն եթե Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտով Անկարան եւ Բաքուն փակված են համարում հայ-ադրբեջանական հակամարտության էջը, ապա նույնը չէր կարելի ասել Վրաստանի ու Ռուսաստանի պարագայում, որոնք շարունակում են ներգրավված մնալ աբխազական եւ հարավ-օսական հակամարտությունների մեջ։
Հավանաբար հենց սա էր Էրդողանը ավելի ուշ հաշվարկել, երբ նույն տարվա օգոստոսի 29-ին Չեռնոգորիա կատարած այցի ժամանակ, կարծես միտումնավոր Վրաստանին դուրս թողնելով, հայտարարել էր․ «Հինգ կամ վեց երկրների հարթակի առաջարկը սեղանին է` Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը: Եթե այս հարթակը ընդունվի որպես այդպիսին, ես կարծում եմ, որ տարածաշրջանում լարվածությունը շատ կնվազի»։
Սրան հաջորդել էր արդեն սեպտեմբերին Ալիեւի հայտարարությունը, որտեղ նա, բացի Բաքվի պաշտոնական դիրքորոշումը վերասահմանելուց, բացել էր նաեւ հարթակի բնույթի առնչությամբ փակագծերը․ «3+3 նախաձեռնությունը ստացել է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը։ Վրաստանն առարկություն ունի, իսկ Հայաստանն իր դիրքորոշումը չի հայտնել։ Ո՛չ այո, ո՛չ ոչ։ Եվ եթե դրական դիրքորոշում լինի, ապա կարող ենք սկսել աշխատել այս ուղղությամբ։ Իսկ դա իր հերթին կաշխատի ոչ միայն կայունացնելու եւ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ, այլեւ կնպաստի նրան, որ տարածաշրջանի երկրներն իրենք կորոշեն իրենց փոխգործակցությունը, իրենք կորոշեն, թե ինչպես ապրեն։ Տարածաշրջանը կազատվի արտաքին որոշ ազդեցությունից»։
Թբիլիսիի առարկությունները պաշտոնական պատասխանի տեսքով հետեւեցին հոկտեմբերին։ Այդ ժամանակ Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվել էր, որ Թբիլիսին «չի քննարկում այսպես կոչված «3+3» ձեւաչափով Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ»:
Իսկ արդեն նոյեմբերին փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվիտիսիաշվիլին, էլ ավելի հստակեցնելով վրացական կողմի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Վրաստանն ընդհանրապես հրաժարվում է Ռուսաստանի հետ որեւէ տարածաշրջանային կառույցի մասնակցելուց, քանի դեռ Մոսկվան չի դադարեցնի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օկուպացիան։ «Վրաստանը չի կարողանա ներքաշվել խաղաղության հարթակում, որտեղ մասնակցում է նաեւ վրացական տարածքները օկուպացրած երկիրը»,- հայտարարել էր Խվիտիսիաշվիլին։
Շուտով Թբիլիսիի նման դիրքորոշմանն իր անվերապահ աջակցությունը ցույց տվեց Վաշինգտոնը։ Նույն 2021-ի հոկտեմբերի 18-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ղեկավար Լլոյդ Օսթինը, պատասխանելով «3+3»-ի վերաբերյալ լրագրողի հարցին, նշել էր․ «Ես պարզապես կասեի, որ Ռուսաստանը, որը ներկայում զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է կենտրոնանա 2008 թվականի հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունների կատարման վրա նախքան նոր քննարկումների հարթակներ ստեղծելը»։
Հավանական է, որ Վաշինգտոնի այս քայլն ուղղված էր Վրաստանին տարածաշրջանային նման հարթակներ ներքաշելու համար Թուրքիայի, Ռուսաստանի կամ էլ Իրանի կողմից Թբիլիսիի վրա գործադրվող ճնշումները չեզոքացնելուն։
Նոյեմբերին հնչել էր նաեւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ընդգծել էր, որ «3+3» հարթակը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համապատասխանեցված քննարկում ենք այլ ձեւաչափերով։ Մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը եւ այդպես շարունակ»։
Նման հայտարարությանը հաջորդող ամսում՝ դեկտեմբերի 10-ին, Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում մասնակցեց «3+3»-ի ԱԳ նախարարների առաջին նիստին, որի աշխատանքներին չմասնակցեց Վրաստանը։
Տարածաշրջանային այս հարթակի ԱԳ նախարարների երկրորդ նիստը, կրկին առանց Վրաստանի արտգործնախարարի մասնակցության, տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Սրան արդեն հաջորդել էր Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանին Եվրոպական միության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը։
Հստակ է, որ տարածաշրջանը շրջապատող երեք նախկին կայսրություններն ունեն թե՛ միմյանց հետ զուգորդվող շահեր, թե՛ առանձին եւ նույնիսկ հակասական հեռահար նպատակներ։ Պետք է ընդգծել, որ սա միակ տարածաշրջանը չէ, որտեղ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան ձգտում են համագործակցության միջոցով պահպանելու իրենց ազդեցությունը։
Նման մի օրինակ է դեռ 2017 թվականից սկսված Աստանայի գործընթացը՝ հիմնականում նշյալ երկրների մասնակցությամբ եռակողմ մի հարթակ, որի նպատակը Սիրիայում քաղաքացիական պատերազմին քաղաքական ճանապարհներով վերջ տալն է։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ երեք երկրների գերնպատակը ռազմական ներկայության միջոցով ազդեցության պահպանումն է եւ Արեւմուտքի ներկայության առավելագույն չեզոքացումը։
Նման գործընթաց նկատելի է դառնում նաեւ Հարավային Կովկասում։ «Արեւմուտքի ազդեցության դեմ պայքարի» գաղափարով մրցակցությունն ավելի է խորացել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Օրինակ՝ իր պատկերացմամբ Ուկրաինայում «տեղական նացիստների» եւ «գլոբալ Արեւմուտքի» դեմ պատերազմ սկսած Ռուսաստանի պարագայում սա հերթական հնարավորությունն է Հարավային Կովկասում այդ նույն Արեւմուտքի ունեցած թեկուզ աննշան ազդեցությունը ոչնչացնելու, որի հիմնական հենակետը համարվում է Վրաստանը։ Ինչպես նաեւ մեծ հնարավորություն է Թբիլիսիի հետ ընդհանուր, նոր տնտեսական եւ քաղաքական բնույթի համագործակցության հասնելու, որից բխող շահերը, ըստ ամենայնի, կարող են էլ ավելի երկարաձգել Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ հակամարտության սառեցված դրությունը։
Իրանի դեպքում «3+3»-ը առավել քան մեծ հնարավորություն է հարակից տարածաշրջանում որոշակի տնտեսական եւ քաղաքական դերակատարում ունենալու համար։ Հնարավորություն է նաեւ դեպի Սեւ ծով, ապա նաեւ եվրոպական շուկա դուրս գալու համար։
Հարթակի երկու մյուս մասնակիցների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ամեն բան էլ ավելի հարթ է։ Անկարան, որը տարածաշրջանում իր ազդեցությունը զգալիորեն կրկնապատկել է 44-օրյա պատերազմից հետո, նավթագազային պաշարներով վաղուց Եվրոպայի հիմնական մատակարարն է դարձել՝ այս համակարգում ընդգրկելով նաեւ Ադրբեջանին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։
Սակայն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երբ ԵՄ-ն, հրաժարվելով ռուսական գազից, սկսել էր այլընտրանքներ փնտրել, Ադրբեջանի հետ ուղիղ համագործակցության անհրաժեշտություն էր առաջացել։ Նման փաստաթուղթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նախագահ Ալիեւի հետ ստորագրեց Բաքվում 2022 թվականի հուլիսին։
Սրան էլ հաջորդել էր դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիեւի՝ Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի վարչապետների հետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։ Այդ օրը ստորագրման արարողությանը ներկա Ֆոն դեր Լայենը հայտարարեց․ «Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում»։
Այլ կերպ ասած՝ Եվրոպայի հետ համագործակցության եւ «առեւտրի» խոչընդոտներ չունեցող Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց իսկ առաջարկած «3+3» հարթակը դիտարկում են բացարձակապես սեփական քաղաքական ու տնտեսական ազդեցությունը կրկնապատկելու միջոց եւ ոչ թե համագործակցության հարթակ։
Եթե այս ամենին էլ գումարենք Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ պահպանվող տնտեսական խոր մրցակցությունը, հասկանալի կլինի, որ նման պայմաններում ուղղակի կենսունակությունից զուրկ է տարածաշրջանային նման հարթակի գործարկումը։
Հարավային Կովկասի եւ հարակից երկրների համագործակցության համար վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջարկությունների պակաս չի եղել: Դրանք հիմնականում առաջ են քաշել Թբիլիսին եւ Անկարան, որոնց թվում հատկապես կարեւոր էին 1996-ին Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի առաջարկած «Խաղաղ կովկասյան նախաձեռնությունը», 2000 թվականին Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջարկած «Կովկասի համար կայունության դաշնագիրը», 2008 թվականին Էրդողանի՝ իր վարչապետության տարիներին առաջարկած «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմը» եւ 2010-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ Կովկասը»: Սակայն այս առաջարկներից ոչ մեկը կյանքի կոչվելու ունակ չէր, քանի որ իրենց մեջ ոչ միայն չէին ներառել Հարավային Կովկասի հիմնական բոլոր անդամներին, այլեւ չէին էլ առաջարկել հարատեւ լուծումներ տարածաշրջանի ամենասուր խնդիրների համար, որի բացակայությունը նկատելի է նաեւ «3+3» հարթակի դեպքում։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։