Գիտնականները զգուշացրել են, որ 2024 թվականին Երկրին կմոտենա հսկա աստղակերպ։ Եթե այն ընկնի մեր մոլորակի վրա, բախումից առաջացած էներգիան կհասնի 2,6 միլիարդ տոննա տրոտիլի համարժեքի։
2007 FT3 աստղակերպը հայտնաբերվել է 2007 թվականին։ Նրա տրամագիծը գնահատվել է 314 մ, քաշը՝ 54 միլիոն տոննա։ Աստղագետները կարողացել են հետեւել աստղակերպին ընդամենը մի քանի ժամ: Դրանից հետո այն չափազանց մշուշոտ է դարձել եւ անհետացել հետազոտողների տեսադաշտից։ Ուստի այս աստղակերպը երբեմն անվանում են «չքված»։
Այնուամենայնիվ, գիտնականներին հաջողվել է տիեզերական օբյեկտը արձանագրել 14 կետում եւ հաշվարկել նրա ուղեծրի հետագիծը։ Հաշվարկները ցույց են տվել, որ աստղակերպը Երկրին կարող է մոտենալ 2024-ի մարտի 3-ին եւ հոկտեմբերի 5-ին։ Այդ ամսաթվերին Երկիր մոլորակի հետ բախման հավանականությունը գնահատվել է համապատասխանաբար 1:10 միլիոնի եւ 1:11,5 միլիոնի հարաբերականությամբ:
NASA-ի փորձագետները նշել են, որ 2007 FT3-ն անմիջական վտանգ չի ներկայացնում։ Այդուհանդերձ, գիտնականները մշտապես վերահսկում են երկինքը՝ հնարավոր վտանգավոր օբյեկտներին հետեւելու եւ դասակարգելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարմիններին, որոնք Երկրի ուղեծրից 30 միլիոն մղոն (մոտ 48 միլիոն կմ) հեռավորության վրա են։
Ընդհանուր առմամբ, առաջիկա 100 տարում Երկրի հետ աստղակերպի բախման վտանգը գնահատվում է չափազանց չնչին։ Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ Երկրին մոտ գտնվող Բենու անունով փոքրիկ աստղակերպը կբախվի մեր մոլորակին 2182 թվականին, եթե 2135 թվականին անցնի տիեզերական ձգողականության բանալու անցքով (Gravitational keyhole):