Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ-ի նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է: Հունվարի 13-ին անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին՝ սրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Բաքվի հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին:
Ալիեւը հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել` նշելով, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի շարժվի ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից: Ըստ Փաշինյանի` Ալիեւի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանին են առնչվում։
Անդրադառնալով բանակցային գործընթացին` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը գոնե մինչեւ այս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։
Առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ Փաշինյանի համոզմամբ նման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինություններին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն եւ դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը, մի կողմից, ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից՝ դժգոհում է, որ Հայասատանի Հանրապետությունը Ֆրանսիայից եւ Հնդկաստանից զենք է գնում։
«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ-ն բանակ չպե՞տք է ունենա։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք»,– ընդգծել է Փաշինյանը։
Նա Ալիեւին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, որ պատերազմի հնարավորություն չլինի։ «Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալու մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվեն հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,- նշել է Փաշինյանը:
«Զանգեզուրի միջանցք»
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը արդեն երեք տարի է՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը, որում որեւէ բառ չկա այդ մասին։ Նա հավելել է, որ Բաքվում հայտարարում են, թե իրենք հասել են նրան, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվի նաեւ «Զանգեզուրի միջանցք», եւ որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը դրամական պարգեւ է խոստանում նրան, ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետն ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության, ըստ որի եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ վայրում չի բացվի, հայտարարել է. «Մենք սրան արձագանքում ենք այսպես, ինչպես որ Իրանն է կապ տրամադրում Նախիջեւանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` ե՛ւ երկաթուղային, ե՛ւ ավտոճանապարհային տարբերակներով»։