Սոմալին Եթովպիայի հետ վիճելի տարածքի համար սպառնում է պատերազմով, որպեսզի Եթովպիային թույլ չտա ճանաչել Սոմալիլենդի անջատված տարածքը:
Հունվարի 1-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն է ընձեռում դեպի ծով ելք չունեցող Եթովպիային ռազմածովային բազա ստեղծելու Սոմալիլենդի ափին, ալեկոծել է Աֆրիկյան եղջյուրը՝ աշխարհի ամենաանկայուն շրջաններից մեկը, գրում է բրիտանական The Guardian-ը։
Սոմալին Սոմալիլենդը համարում է իր տարածք եւ գործարքը անվավեր է հայտարարել: Այն նույն ժամանակ, երբ համաձայնագրի դեմ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ցույցեր էին անցկացվում, նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը սոմալացիներին կոչ էր արել «պատրաստվել հայրենիքը պաշտպանելու»:
«Մենք հետամուտ ենք բոլոր դիվանագիտական տարբերակներին, եւ հուսով եմ, որ Եթովպիան խելքի կգա, բայց մենք պատրաստ ենք պատերազմի, եթե Աբին պատերազմ ցանկանա»,- ասել է նախագահի խորհրդականը՝ նկատի ունենալով Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդին։
Եթովպիայի եւ Սոմալիի հակամարտությունը սկսվել է 1977-1978 թվականներին վիճելի տարածաշրջանի շուրջ, եւ լարվածությունը դեռեւս պահպանվում է: Եթովպիան ներխուժել է Սոմալի 2006 թվականին՝ իսլամիստներին Մոգադիշոյից դուրս մղելու համար: Սոմալին արդեն երկու տասնամյակ ենթարկվում է «Ալ-Քաիդայի» հզոր մասնաճյուղ «Ալ-Շաբաբի» պարբերական հարձակմանը, ինչն այն դարձնում է աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը: Ի հակադրություն Սոմալիի՝ Սոմալիլենդն ապրում է համեմատաբար խաղաղ կյանքով:
Սոմալիլենդը բրիտանական գաղութ էր մինչեւ 1960 թվականը։ Տարածքը հինգ օր անկախ էր նախքան երբեմնի իտալական գաղութ Սոմալիին միանալը: Դա անհավասար դաշինք էր, որն ավարտվեց 1991 թվականին Սոմալիլենդի անջատմամբ՝ Խորհրդային Միության կողմից աջակցվող ռազմական ռեժիմի դեմ տասը տարի տեւած ազատագրական պայքարից հետո: Ներկայում Սոմալիլենդը փաստացի անկախ պետություն է՝ իր արժույթով, խորհրդարանով եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններով։